ՊԵՏՐՈՍ ԿՈՆՏՈՒՐԱՋՅԱՆ. ԿՅԱՆՔԸ ՓԱՐԻԶՈՒՄ
Ծնվել է 1905-ին` Եդեսիայում (ՈՒրֆա)։ Հայրը, կոշկակար Ներսեսը, մասնակցում է ՈՒրֆայի հերոսամարտին և զոհվում է անհավասար կռվում։ Անկասկած այս դաժան դրվագը ուղեկցելու էր նրան, տասնամյա տպավորվող տղեկին ողջ կյանքում, մինչև կյանքի ողբերգական ավարտը 1956-ին, Երևանում։ Դաժան դրվագները նախորդ դարասկզբին հայության երիտասարդ սերնդի հոգեմտակերպում ցավալի հունդեր էին ցանում։ Պետրոսը կորցնում է մորը, քույրերին և եղբոր` Արշակի հետ ապաստան է գտնում Հալեպի ազգային որբանոցում։ Բայց նրանց հայացքն ուղղված էր դեպի արևմուտք։
1923-ին եղբայրները մեկնում են Փարիզ։ Պատանի Կոնտուրաջյանը ինքնակրթվում է Մոնպառնասի բոհեմ-միջավայրում, գեղարվեստի ակադեմիայում, թանգարաններում և նշանավոր Ֆեռնան Լեժեի ստուդիայում։ Այնուհետև որոնումներ, ձեռքբերումներ, ճանաչում Փարիզում։
1930-ից Պետրոս Կոնտուրաջյանն անընդմեջ մասնակցում է նշանավոր «Աշնան» սալոնին, ժամանակ անց ընտրվում է նշյալ սալոնի հիմնադիր ընկերության և նրա մրցութային հանձնաժողովի անդամ։ Նա ներփակ երևույթ չէր, հաճախ մասնակցում էր «Անկախների» և «Հայ ազատ արվեստագետների միության» պարբերական ցուցահանդեսներին։ Երիտասարդ նկարիչը նկատվեց, գնահատվեց և սիրվեց Ֆրանսիայի խիստ գեղարվեստասեր և բավականաչափ քմահաճ մայրաքաղաքում։ «Ռևյու մոդեռն» ամսագիրը 1937-ին այսպես բնորոշեց նրա արվեստը. «Նա կարողանում է լրիվ թարգմանել, վերարտադրել այն հույզը, որ ապրում է նատուրայի առջև...»։
1939 թվական։ Ֆաշիզմի հաղթարշավն էր, Ֆրանսիան թևակոխել էր դիմակայության շրջափուլը։ Հայտարարվում է զորահավաք, ու շատերի հետ ֆրանսահպատակ Պետրոսը զորակոչվում է, մասնակցում ազատագրական պայքարին։ Մասնակցում է, հաղթում և վերադառնում է, կանգնում նկարակալի առաջ։
1945 թվական։ Արդեն ճանաչված Կոնտուրաջյանը Պիկասոյի, Մատիսի, Գրոմերի, Ռուոյի և այլ նշանավոր վարպետների հետ մասնակցում է «Ժամանակակից մեծ նկարիչները ռազմագերիների օգտին» աննախադեպ նկարահանդեսին։ Նա առանց ավելորդ ճիգերի և հանկարծ կանգնում է մեծերի շարքում, քանի որ թարգմանել և վերարտադրել էր հույզը։ Հույզը ե՞րբ գերակշռեց նրա ֆրանսահայկական կտավներում։ Գուցե այն տարիների՞ն, երբ Սորբոնի համալսարան էր հաճախում, մասնակցելով փիլիսոփայության և հնագիտության դասընթացներին։
ԼԵՆԻՆԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ, ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԿԱԽԱՂԱՆՆԵՐ
1947 թվական։ Աշխարհասփյուռ հայության մի ստվար հատվածը բռնում է հայրենադարձության ճանապարհը։ Կոնտուրաջյանը կարծես թե հայտնվել էր աշխարհահռչակման շեմին։ Նա կանգնել էր բախտորոշ ընտրության խաչմերուկում։ Կամ պետք էր շարունակել բուռն ստեղծագործական կյանքը և հասնել համաշխարհային ճանաչման (արվեստաբանական միտքը բարեհաճ էր նրա հանդեպ, մեծերը գնահատում էին, միջավայրը սիրում էր նրան), կամ էլ կյանքը շարունակել եղեռնից փրկված մեծ հայրենիքի հյուսիսային հատվածում, որտեղ ապրում ու բարգավաճում էր հայությունը մուրճի ու մանգաղի գաղափարական կաղապարում, սակայն ուր լիաբուռն ստեղծագործում էին Սարյանն ու Քոչարը, Արա Սարգսյանն ու Եփրեմ Սավայանը, Կալենցն ու Կոջոյանը, Շահվերդյանն ու Հակոբյանը, շատերը։ ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանը 20-րդ դարում Հայկական աշխարհի կերպարվեստային մայրաքաղաքն էր։ Կոնտուրաջյանը 42 տարեկան էր, նկարչի համար սա և՛ երիտասարդ տարիք էր, և՛ վաստակաշատ հասակ։ Նա արդեն կայացած էր և, այնուամենայնիվ, չվարանեց և ուղևորվեց դեպի հայրենիք։
«1947 թ. սոցիալիզմի սիրուն համար ես հրաժարվեցի իմ թանկագին հարազատներիցս ու մեն-մենակ ներգաղթեցի Հայաստան»,- գրել է նա։ Նա, ով երկրորդ անգամ էր կորցնում մերձավոր արյունակիցներին։ Երկրորդ անգամ` կամավոր։ ՈՒրֆայում ծնված, Հալեպում ապաստանած, Փարիզում էլ հասակ առած Կոնտուրաջյանը հաստատվում է Լենինականում։
Հետպատերազմյան Լենինականը, ինչ խոսք, բարեկեցության կենտրոն չէր։ Բայց նկարիչն ապրում էր, ներառվում էր այդ զարմանալի քաղաքի կյանքում։ Լենինականը Փարիզ չէր։ Փարիզը աշխարհի պերճանքի և թշվառության խառնարանն էր։ Լենինականը Փարիզ չէ՛ր, սակայն գերիչ էր իր առանձնահատկությամբ, երկհարկանի սրբաշատ տուֆով կառուցված այս հինավուրց քաղաքում վեր էին խոյանում նշանավոր եկեղեցիները։ Քաղաքը շնչում էր արհեստներով, թատրոնով և արվեստով։ Քաղաքը նաև կերպարվեստային էր։ Լենինականը տաղանդների հանգրվան էր։ Սրամտությունների, հմուտ վարպետ-արհեստավորների, արվեստի ու գիտության, թատրոնի և երաժշտության նշանավորները հանդիպում էին գրեթե ամեն քայլափոխի։
Դժվար է ասել, Կոնտուրաջյանը դյուրությա՞մբ մերվեց նոր իրավիճակներին։ Պատերազմի դաժան կնիքը խարանել էր հանրապետության կյանքը, և ծանր կորուստների վիշտը սրտում անթեղած և սոցիալական բեռի տակ ուսերը դեռևս չուղղած խորհրդահայությունն այսպես թե այնպես գրկաբաց չընդունեց հայրենադարձված եղբայրներին։ Սակայն նա նկարում էր, որոնում և գտնում էր։ Կոնտուրաջյանի էությունը նկարչական էր, նա պիտի նկարեր, ստեղծեր չքնաղ գործեր, իրեն շնորհածի չափով լրացներ այն բացը, որն առկա էր 20-րդ դարի առաջին կեսի հայ բազմաշերտ կերպարվեստում։
1956 թվական։ Կոնտուրաջյանի «Սևան» և «Արաբկիր» կտավները ցուցադրվում են Մոսկվայում, հայ արվեստի տասնօրյակի օրերին, նաև վերատպվում են համամիութենական մամուլում։
Նա մենակյաց չէ՛ր։ Բնանկարում էր երկիրը Երևանում, Սևանում, Ծաղկաձորում, Արայի լեռան ստորոտում։
1950-ին նա վրձնեց իր հայաստանյան շրջանի լավագույն կտավներից մեկը. «Ամպամած օր։ Սևան»։ Սա զարմանալի Սևանա լիճ է և զարմանալի ամպամածություն։ Որքա՜ն թախիծ կա այստեղ, ուր կարծես թե թախծելու կարիք չկա, լիճը, լուսավորված արևի վերջին ցոլքերով, ինքնաբավ հանդարտության մեջ է։ ՈՒ թվում է, թե այս Սևանը նա պատկերել է իր կյանքի ֆրանսիական շրջանում, միայն կերպարվեստագետին հատուկ տեսիլքային ներհայեցողությամբ։ Գույներն այստեղ հյուսիսային են, Սևանն ասես Գրենլանդիայի մի անհայտ ծովախորշ է։ Գուցե նա գալիք օրվա տագնա՞պն էր զգում։ Թվում էր, թե հայրենիքում գնահատված է, բայց հոգու խորքում նա դեռ Փարիզում էր։ Ճանաչված արվեստաբան Մարտին Միքայելյանը բարձր է գնահատում Կոնտուրաջյանի ստեղծագործության փարիզյան շրջանը և մի առիթով բնորոշեց նրան այսպես. «Նա իր արվեստում նուրբ էր, ինչպես ֆրանսիացի և խոր ինչպես հայ»։
Նրա վախճանը առեղծվածային էր և ողբերգական։ ՈՒ մինչ օրս պատված է անթափանց վարագույրով։ Բայց արդյոք կարիք կա՞ բանալու վարագույրը։ Այնուամենայնիվ, նա ֆրանսահայ նկարիչ էր, քանզի կյանքի առաջին փուլում ստեղծագործել է ավելի ազատ և խոր։ «Գետափին», «Բանվորական թաղամաս», «Քարե կամուրջ», «Մայրը մանկան հետ», «Մտորումներ» «Փողոցում», թվարկումը կարելի է շարունակել, քանի որ Կոնտուրաջյանը Փարիզում նկարում էր հույզով, մտքով, մշտապես պարուրված կորուսյալ հայրենիքի լուսավոր կարոտաբաղձությամբ։
«Իր կտավներում ու գծանկարներում պատկերվող օբյեկտը շատ հաճախ Կոնտուրաջյանը ներկայացնում է իբրև քանդակային հաստատուն, դեպի վեր նեղացող մի ամբողջական, հողանիստ կերտվածք»,- այսպես է բնորոշել նրան մեկ այլ ճանաչված արվեստաբան` Շահեն Խաչատրյանը։
ՎԵՐՋՆԱԳԻՐ
Անշուշտ, Պետրոս Կոնտուրաջյանը «Կերպարվեստի Երուսաղեմ» երկրի ուխտավոր է և անկասկած արժե նրա մասին մի ֆիլմ նկարահանել։ Ցանկալի է գեղարվեստական։ Բավականաչափ ուշագրավ գեղարվեստական և ազնվական երևույթ է նա։ Այս հարցով էլ դիմենք մեկենասներին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ